Մոսկվայի 36-րդ հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, պերիֆերիկ զարկերակների ռենտգենէնդովասկուլյար վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր Սիմոն Պապոյանի այցը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց անցել է հագեցած օրակարգով։
Հայտնի վիրաբույժը նախ ծանոթացել է համալսարանական հիվանդանոցի անոթային վիրաբուժության կլինիկայի թիմի հետ, հանդես եկել դասախոսությամբ պերիֆերիկ զարկերակների էնդովասկուլյար միջամտությունների թեմայով, որին հաջորդել է ինտերակտիվ քննարկումն ու հարցուպատասխանը։
Համալսարանական հիվանդանոցի բժիշկների հետ ոչ միայն քննարկվել են առանձին կլինիկական դեպքեր, այլև անդրադարձ է կատարվել ոլորտի վերջին զարգացումներին, գործելակարգերին, քննարկել էնդովասկուլյար և բաց վիրահատությունների տարբերությունները, ռիսկերը, հիվանդանոցի տեխնիկական հագեցվածությունը և հնարավորությունները, որը հայազգի բժիշկը բավարար է գնահատել էնդովասկուլյար վիրահատությունների իրականացման համար։
Այցի հաջորդ օրը Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռուսլան Պալոյանի գլխավորությամբ իրականացվեցին պերիֆերիկ զարկերակների էնդովասկուլյար մի քանի միջամտություններ, որոնց մասնակցեց նաև հայազգի պրոֆեսորը։
Ի դեպ, նրա այցի շրջանակում քննարկվեցին նաև հետագա համագործակցության հարցեր՝ ոչ միայն այցերի, վերապատրաստման կազմակերպման, այլև համատեղ բարդ վիրահատություններ կատարելու մասին։ Դեկտեմբերին Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռուսլան Պալոյանը նորից կմեկնի ՌԴ՝ Մոսկվայի 36-րդ հիվանդանոցում շարունակելու պերիֆերիկ զարկերակների ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների կիրառման մասով վերապատրաստման դասընթացը։
Ի դեպ, այցի օրերին անց էր կացվում նաև Հայաստանի անոթային վիրաբույժների 2-րդ տարեկան գիտաժողովը, որին մասնակցեց նաև անոթային վիրաբույժների մեր թիմը և Սիմոն Պապոյանը։
.png)